Մեր մասին

divider

Համացանցում, հատկապես սոցիալական կայքերում, հաճախ ենք տեսնում հիվանդ երեխաների լուսանկարներ, որոնց ծնողները օգնության խնդրանքով դիմում են հասարակությանը: Տարբեր հաշվեհամարներ են բացում, որպեսզի կարողանան իրենց զավակների բուժման համար անհրաժեշտ գումարը հայթայթել, հիմնականում, աստղաբաշական գումարներ: Անշուշտ, գտնվում են սրտացավ մարդիկ, որոնք մեծ գումարներ են փոխանցում, օգնում դեղորայքով, հագուստով, արյան դոնորությամբ: Կան գործող մի շարք հիմնադրամներ, որոնց մի մասը երեխաներին բուժման նպատակով ուղարկում են արտերկիր, մի մասն էլ փորձում են նման դժբախտությունների վրա սեփական գովազդն անել կամ, ինչն ավելի ցավալի է, սեփական շահն ունենալ:


Մինչ այս բազմազանության մեջ փորձում ենք պարզել այս կամ այն հիմնադրամի վստահելիությունը,համացանցում հիվանդ փոքրիկների նորանոր նկարներ են հայտնվում…. այդ երեխաների ճակատագրերը հանգիստ չեն տալիս մեզ:

Ժամանակ էր պետք, որպեսզի հասունանար և իրականություն դառնար վաղուց օդում սավառնող այն միտքը, որ 100 դրամով հնարավոր է նպաստել այս ցավոտ հարցի լուծմանը և ստեղծեցինք մեր հիմնադրամը…


Մեր հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներն են` Լուսինե Բադալյանը, Մհեր Պարույրյանը, Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով), Հակոբ Պապիկյանը (Ժակ) Արամ Կարախանյանը (Մաքս) և Տիգրան Բալոյանը հիմնադրամի նախագահ: Բոլորս միասին և յուրաքանչյուրս առանձին-առանձին պատասխանատվություն ենք կրելու կուտակված ֆինանսների օգտագործումն ու ըստ հրատապության, համակարգումն ապահովելու համար:


Հասարակության խաթարված վստահությունը վերականգնելու համար մեր հիմնադրամը գործելու է բացարձակապես թափանցիկ, այս կայքում հրապարակվելու են Հոգաբարձուների խորհրդի բոլոր որոշումները, Բժիշկ խորհրդատուների եզրակացությունները, փոխանցված միջոցների քանակը և բոլոր տեսակի ծախսերի հաշվետվություններն ու փաստաթղթերը: Բացի այդ` մենք տարին մեկ կհրավիրենք միջազգային աուդիտ, որի եզրակացությունը կտեղադրվի կայքում տարեկան հաշվետվության հետ միասին:

Եթե մեզանից յուրաքանչյուրը ամսական առնվազն 100 դրամ փոխանցի հիմնադրամի հաշվին կամ լիազորի այն փոխանցել իր բանկային կամ հեռախոսային հաշվից, մենք կկարողանանք ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող փոքրիկներին:

Մենք նպատակ ունենք ակտիվ աշխատանքի, հրապարակայնության և ճիշտ քաղաքականության շնորհիվ հասնել նրան, որ կարողանաք նպաստել ամսական առնվազն հինգ երեխայի առողջության վերականգնմանը: